ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՈՒ ԿԱՆԱՉԱՏԵՆՉ ՈՒՍՈՒՑԻՉ-ԱՌԱՋՆՈՐԴԸ | A TEACHER-LEADERE'S STORY FROM MELIKGYUGH

 

«Ես Ռիմա Սուքիասյանն եմ, մասնագիտությամբ կենսաբան, աշխատում եմ Մելիքգյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ համայնքրի հրաշքներին կենսաբանություն եմ դասավանդում։ Եթե չես ճանաչում քո հայրենիքը, քո սերը դեպի հայրենիք չի կարող լինել իրական ու անկեղծ։ Հարկավոր է ճանաչելով սիրել»։ 

Ահա այս գաղափարախոսությամբ է մեր Ուսուցիչ-առաջնորդ Ռիմա Սուքիասյանը միացել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի երկամյա Առաջնոդության զարգացման ծրագրին և ծրագրի ընթացքում էլ շարունակում է նույն ոգևորությամբ ճանաչել հայրենիքը, հետևաբար ավելի շատ սիրել այն։

Ֆեյսբուքում պատահաբար հանդիպելով «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի արդեն իսկ Ուսուցիչ-առաջնորդների գործունեության մասին պատմող հրապարակումներին`Ռիմային գրավեցին ոչ ֆորմալ մեթոդներով անցկացվող դասերը, Ուսուցիչ-առաջնորդների դասապրոցեսի կազմակերպման հանդեպ ունեցած յուրատեսակ մոտեցումները։ Ահա թե ինչպես նա առանց երկար-բարակ մտածելու անմիջապես լրացրեց ծրագրին միանալու հայտադիմումը։

Արշավասեր և արկածասեր Ռիմայի համար, ով Հայաստանի գյուղերը տեսել ու միշտ պատկերացրել է կանաչ բուսականությամբ ծածկված, Մելիքգյուղի անծառ պատկերը փոքր-ինչ խորթ էր։ Նա չէր տեսել գյուղի բնությունը պահպանելու և զարգացնելու շահագրգռված աշխատանք։ Գյուղին և մարդկանց ինտեգրվելն ու սիրելը շատ արագ է ստացվել։ Դրան նպաստել են գյուղի բնակիչները և աշակերտները։

Իր երկամյա գործունեության ընթացքում Ռիման հասցրել է համայնքի ու դպրոցի համար մի շարք ներազդեցության ծրագրեր իրականացնել։ Սեփականատիրոջ սրտացավությամբ ու նոր աչքով խնդիրներն ուսումնասիրելուց հետո նա որոշեց վերականգնել գյուղի գրադարանը։ Ռիման համախմբեց պատրաստակամ ընկերների և ծանոթների ուժերն ու հավաքեց հարյուրից ավել գիրք։ 

Ահա այսպիսով դպրոցում կրկին գրքերով լի գրադարանը իր դռները բացեց աշակերտների առջև։ Բնության սիրով վարակված Ուսուցիչ-առաջնորդը չէր կարող պարզապես աչք փակել համայնքի և դպրոցի կանաչապատման խնդրի վրա։ «Բարեկարգ դպրոց» ծրագրի շրջանակներում Ռիման և իր աշակերտները ձեռք են բերել սերմեր, որոնք ցանել և աճեցրել են դպրոցի և համայնքի տարածքում։ Ծրագրի շրջանակներում հասցրել են նաև դպրոցը համալրել հարմարավետ աղբամաններով։

Դպրոցի ուսմասվար ընկեր Ասատրյանը նշում է, որ ընկեր Սուքիասյանից շատ գոհ ու շնորհակալ են, քանի որ նա ամեն հարցով օգնում է դպրոցին, և նրա իրականացրած նախաձեռնությունները՝ գեղարվեստական գրքերի հավաքագրումը, սպորտային գույքի համալրումը և ծառատունկերը, դպրոցի համար նորություն էին։

Ինչպես Ռիմային են սիրում դպրոցում, այնպես էլ Ռիման է սիրում դպրոցն ու աշակերտներին։ Թեև երբեմն կենցաղային խնդիրներին առճակատվելու արդյունքում ուսուցիչը ունենում է հուսահատության փոքրիկ պահեր, բայց երբեք չի ընկճվում և կանգ չի առնում, որովհետև ինչպես նա է ասում,- «Երբ մտնում ես դասարան ու նվիրում ես քեզ քո աշխատանքին՝ դասավանդմանը, այդ ամեն ինչը անցնում է, երբ ստանում ես փոխադարձ սեր, հարգանք, վստահություն, ապա ոչ մի սոցիալական կամ կենցաղային խնդիր չի կարող խոչնդոտել քո աշխատանքին և հաջողությանը»։ 

Երկու տարի շարունակ աշխատելով ու ջանք ու եռանդ չխնայելով Մելիքգյուղի աշակերտների զարգացման ու մասնագիտական կողմնորոշման համար` Ռիման այսօր վստահաբար ասում է, որ 25 տարի անց ունենալու է կինոռեժիսոր, բժիշկ, թարգմանիչ, քաղաքագետ և կառավարման մասնագետներ, ովքեր դառնալու են համայնքի առաջնորդներ։

 
Mik Kubelyanalumni, 2