ԻՆՉՈԻ՞ ԴԻՄԵԼ «ԴԱՍԱՎԱՆԴԻ'Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԾՐԱԳՐԻՆ | WHY TO APPLY FOR '‘TEACH FOR ARMENIA” PROGRAM


05.jpg

 
  • Ինչու՞ որոշեցիր մասնակցել «Դասավանդի’ր, Հայաստան»-ի ծրագրին։

Եթե այս հարցը տային ինձ երեք տարի առաջ, երբ որոշել էի դիմել  «Դասավանդի’ր, Հայաստան»-ին, երևի պատասխանը շատ ավելի ուրիշ կլիներ, կասեի՝ որովհետև ցանկանում եմ փոփոխություն բերել կրթական համակարգում, երկրում, ցանկանում եմ հավասար հնարավորություններ ապահովել բոլոր երեխաների համար։ Բայց երբ երկու տարվա փորձառության միջով եմ նայում այս հարցին, հասկանում եմ, որ դիմել եմ ծրագրին թեկուզ մեկ երեխայի կյանքում փոփոխություն բերելու համար։ Հիմա «բոլոր երեխաներ» ասվածը անձնավորվել է, անուն ու դեմք ունի, շոշափելի խնդիրներ ու երազանքներ։ Երկու տարի շարունակ դասերից հետո ինձ տուն էր ուղեկցում, հետո գալիս կանչում խաղալու կամ զբոսնելու, դաշտից հավաքած ծաղիկներ բերում կամ դպրոցում իր ունեցած կոնֆետն ու մանդարինը կիսում, իսկ հիմա արդեն զանգում ու ֆեյսբուքով գրում է, ու ինքն ավելի լավ գիտի, թե 3 տարի առաջ ինչու էի դիմել։ 

 
03.jpg
 
  •  Որո՞նք էին 2 տարվա ընթացքում քո ամենամեծ ձեռքբերումները։ 

Առաջինը կնշեմ այն հմտություններն ու գիտելիքները, որոնք ձեռք եմ բերել՝ առաջնորդություն, ծրագրերի կառավարում, խնդիրների լուծում, գեղեցիկ խոսք, փոփոխության կառավարում, հարաբերությունների ստեղծում եւ այլն։ Անձնային աճից ու տարբեր հմտություններից բացի, նաև աշխարհայացքս է փոխվել, դրական մտածելակերպ է զարգացել․ հիմա ես գիտեմ, որ սահմանափակ հնարավորություններով կարելի է անսահման լավ բաներ անել, որ խնդիրներին կարելի է նայել որպես ռեսուրս։ Դե իսկ ամենամեծ ձեռքբերումը մարդիկ են։ 

 
06.jpg
 
  • Որո՞նք էին «Դասավանդի’ր, Հայաստան»-ի ծրագրի առավելությունները։

Ամենամեծ առավելությունն այն է, որ դու քեզ մեծ համայնքի մի մասն ես զգում ու ամեն պահի զգում ես միասնականության ուժը։ Եվ հաջողելու, և ինչ-որ բանում չհաջողելու դեպքում մենք թիմ ենք, ու խնդիրները բոլորինս են, ու միասին ենք լուծումներ փնտրում։ Ոչ միայն  «Դասավանդի’ր, Հայաստան»-ի  ներսում այլ Teach For All ցանցի շրջանակներում հնարավորություն ես ունենում փորձով կիսվել աշխարհի տարբեր երկրներում կրթական անհավասարության խնդիրը լուծել փորձող մասնագետների հետ, ոգեշնչվել նրանց պատմություններով ու օրինակներով։ 

 
07.jpg
 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը նաև մասնագիտական աջակցություն ու վերապատրաստման դասընթացներ է կազմակերպում, ինչպես նախքան երկամյա ծրագիրը սկսելը, այնպես էլ  ծրագրի ամբողջ ընթացքում։ 

Նաեւ հնարավորություն է տալիս այն անձանց, ովքեր չունեն մանկավարժի որակավորում, այն ձեռք բերել։ 

Բացի այս, հիմնադրամը մեր՝ Ուսուցիչ-առաջնորդներիս համար գտնում է այն վայրը, որտեղ ամենից շատ կա մեր կարիքը։ Հիմա շատերը մտահոգվում են, որ նախապես չեն կարող իմանալ, թե որ համայնքում են դասավանդելու, կամ չեն կարող իրենք ընտրել այդ համայնքը, բայց հսկայական աշխատանք է տարվում այդ ուղղությամբ, որպեսզի ընտրվի այնպիսի համայնք, որտեղ ամենից շատ կա մեր կարիքը ու հնարավորություն մեր ուժեղ կողմերը բացահայտելու ու մեր խենթ մտքերն իրագործելու։ 

 
01.jpg
 
  • Ես շատ ուրախ եմ, որ կրթության հավասարության դեսպան եմ, քանի որ…

ես ընտրել եմ կրթությունը մարդու հաջողության հասնելու, աշխարհի՝ ավելի լավը դառնալու նախապայմանը։ Ես հավատացած եմ, որ կրթության ու կրթության հավասար հնարավորություններ ապահովելու միջոցով է, որ մենք կունենանք ավելի լավ երկիր՝ ավելի գրագետ հասարակությամբ ու երջանիկ հանրությամբ։ Երբ որ մեկ անգամ ծանոթանում ես կրթական խնդիրներին, հատկապես մարզերում, այլևս չես կարող բաժանվել այդ իրականությունից ու մոռանալ դրա մասին։ Հիմա մենք՝ կրթության հավասարության դեսպաններս, արդեն 80-ից ավելի ենք, ու անկախ նրանից, թե ինչ ոլորտում ենք շարունակում մեր գործունեությունը, թեկուզ անուղղակի կերպով միտված ենք հենց այս գաղափարներին։ 

 
04.jpg


Mik Kubelyan1