ԿԱՌՆՈՒՏ ՁՈՒԿ ՖԵՍՏ 2022 | KARNUT FISH FEST 2022

 

Շիրակի մարզի Կառնուտի միջնակարգ դպրոցում դասավանդող Ուսուցիչ-առաջնորդ Աբրահամ Ավագյանի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին համայնքում իրականացավ «Կառնուտ Ձուկ Ֆեստ 2022» փառատոնը, որի նպատակը Կառնուտի և շրջակա համայնքների բնակիչներին միավորելն էր մեկ գաղափարի շուրջ՝ կրթության միջոցով Կառնուտը դարձնել զբոսաշրջային կենտրոն։ Սա մեկն է համայնքների զարգացմանը և երիտասարդների ներգրավմանն ուղղված 40 ծրագրերից, որոնք իրականացվում են Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝  «Դասավանդի՛ր, Հայաստանի» և «Մարդը կարիքի մեջ»միջազգային հասարակական կազմակերպության համագործակցությամբ։ 

Այս ծրագրի մտահղացումը ծագել է դեռևս «Դասավանդի՛ր, Հայաստանի» ամառային ակադեմիայի ընթացքում, և այն իրականություն դարձրեցին գաղափարի հեղինակ Ուսուցիչ-առաջնորդն ու  իր աշակերտները։  Փառատոնին մասնակցեցին ոչ միայն Կառնուտի դպրոցն ու շրջակա համայքները, այլ նաև Գյումրիի մի շարք կրթական հաստատություններ և ձեռագործ իրեր արտադրող տարբեր ընկերություններ։ 

Աբրահամը պատմություն առարկային զուգահեռ դպրոցում դասավանդում է նաև ձեռնարկատիրական կրթություն, փորձում է բարձրացնել համայնքի ճանաչելիությունը և այն դարձնել գրավիչ զբոսաշրջային բիզնեսի համար։ Այդ նպատակով  համայնքի  վաղ բրոնզեդարյան հնավայրը, հին հեթանոսական տաճարի հիման վրա կառուցված հնադարյան եկեղեցին և ջրամբարը դիտարկել են որպես զբոսաշրջային այցելավայրեր, բացի այդ տեղանքը հարմար է նաև լեռնագնացության համար։ Զբոսաշրջային այցելավայր ստեղծելու և  հարմարավետ, մաքուր և գրավիչ պայմաններ ապահովելուն ուղղված աշխատանքներին ակտիվորեն ներգրավված են համայնքի երեխաները։ Փառատոնի կազմակերպչական աշխատանքներին մասնակցել են թե՛ աշակերտներն, թե՛ իրենց ծնողները, թե՛ ուսուցիչները։ Բոլորը ոգևորությամբ էին պատրաստվել փառատոնին, քանի որ համաճարակի պատճառով երկար էին սպասել նմանատիպ միջոցառման։ Փառատոնը բացեցին Գյումրու ավիամոդելային խմբակի աշակերտները՝ իրենց իսկ պատրաստած փոքրիկ ինքնաթիռների և դրոնների թռիչքների ցուցադրությամբ։ Միջոցառման կազմակերպիչներն իրենց պատրաստած համեղ ուտեստներով հյուրասիրություն էին կազմակերպել դպրոցի բակում։ տեղակայված տաղավարներում՝ ստեղծելով տոնական և հաճելի միջավայր ու միաժամանակ հյուրերին ներկայացնելով իրենք համայնքին բնորոշ տեղական ուտելիքները՝ Կառնուտի ջրամբարի ձուկն, գյուղի էկոլոգիապես մաքուր մթերքները։ Ներկայացված էին նաև Կառնուտի միջնակարգ դպրոցի աշակերտների ձեռքի աշխատանքներն ու կտավները։ Այցելուների համար անցկացվեցինլ տրակտորով տուրերի դեպի Կառնուտի ջրամբար, բրոնզեդարյան հնավայր և եկեղեցի, իսկ էքսկուրսավարները դպրոցի աշակերտներն  էին, ովքեր մեծ խանդավառությամբ ներկայացնում էին հայրենի գյուղի հնավայրերի պատմությունը։ 

Փառատոնը մարդաշատ էր, ջերմ և ուրախ մթնոլորտում․ երգ, պար, պարային համույթների գեղեցիկ կատարումներ, անուշաբույր ուտելիքներ, հաճելի ժամանց և անմոռանալի հիշողություններ՝ բոլոր մասնակիցների համար։

Կարևոր է, որ աշակերտները մեծ ոգևորությամբ ներկայացնում էին իրենց հարազատ գյուղը, իրենց համայնքի պատմությունը, իրենց սիրելի ուտեստներն ու ձեռագործ աշխատանքները։ Ուսուցիչ-առաջնորդի գլխավոր նպատակը հենց դա էր՝ աշխարհի այս անկյունը իր փոքրիկ բնակիչների համար ավելի հարազատ ու կարևոր դարձնել, երեխաների մեջ արթնացնել սեփական գյուղը հոգատարությամբ սիրելու, գնահատելու և խնամելու կամք և պատասխանատվությունը։ Նկատելի էր, որ յուրաքանչյուր աշակերտ մտահոգ է գյուղի ապագայով, և ցանկանում է ինչ-որ կերպ նպաստել դրա զարգացմանը՝ լինի ջրամբարի մաքրության կազմակերպմամբ, թե լավ ուսում ստանալով ու ապագայում լավ մասնագետ դառնալով։ Ութերորդ դասարանի աշակերտուհի Գրիգորյան Սուսաննան նշեց, որ ցանկանում է արտերկրում որակյալ կրթություն ստանալ ու վերադառնալ գյուղ, նպաստել գյուղի զարգացմանը՝ հավատալով, որ, եթե յուրաքանչյուր բնակիչ մի փոքր ներդրում ունենա գյուղի զարգացման մեջ, ապա այն կդառնա Հայաստանի ամենալավ գյուղերից մեկն՝ իր սրտացավ բնակիչների շնորհիվ։ Իսկ տասնմեկերորդ դասարանի աշակերտուհի Մառլենա Աղաջանյանը նշեց, որ ճանապարհին հանդիպած ցանկացած խոչընդոտ հաղթահարելով՝ նպատակներն իրականություն դարձնելու հաստատակամությունը սովորել է իր Ուսուցիչ-առաջնորդից։


Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Քովիդ-19 Համերաշխության ծրագրի շրջանակում: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

 
Mik Kubelyan2