Դասավանդի՛ր հանուն Հայաստանի

Հայաստանի կրթական նախաձեռնության (AEI) մաս

Առաջնորդե՛ք փոփոխությունն այնտեղ, որտեղ այն ամենից շատն է անհրաժեշտ։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն ձևավորում է առաջնորդների շարժում, որը հանձնառու է Հայաստանի բոլոր երեխաների, այդ թվում՝ Արցախից տեղահանված երեխաների համար որակյալ կրթության հասանելիության ապահովմանը և կրթության համակարգում համակարգային վերափոխումների իրականացմանը։

Որպես ՀԿՆ-ի առաջատար Առաջնորդության երկամյա ծրագիր և Teach For All համաշխարհային ցանցի 36-րդ գործընկեր՝ մենք կրթությունը համարում ենք երկրի ապագայի ռազմավարական հենասյունը։

Երկու տարի Դուք կդասավանդեք Ձեր կարիքն ունեցող դասարանում և կմիանաք ավելի քան մեկ տասնամյակ ձևավորվող, արժեքներով առաջնորդվող մարդկանց համայնքին, որոնք գիտակցում են, որ յուրաքանչյուր դասարան առաջնորդության հնարավորություն է ընձեռում, և որ ազգաշինությունը սկսվում է կրթությունից։

Միացե՛ք հավակնոտ, իմաստալից և Ձեզանից ավելի մեծ մի գործի, ու դարձե՛ք այն առաջնորդը, ում ինքներդ կցանկանայիք հետևել։

Ինչո՞ւ սկսել կրթությունից

Հայաստանում կրթական անհավասարությունը խորն է։

Երեխայի՝ լավ դասավանդումից օգտվելու հնարավորությունը դեռ մեծապես կախված է նրանից՝ նա ապրում է Երևանում, թե գյուղական համայնքում։ Այդ տարբերությունները համակարգային են, ոչ թե պատահական։ Դրանք ինքնուրույնաբար չեն վերանալու։ Դրանք վերացնելու համար անհրաժեշտ են առաջնորդներ, որոնք իրենց մասնագիտական ուղին սկսում են դասարանում, ապա շարունակում՝ կառուցելով երկիրը։

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն գոյություն ունի, քանի որ կրթությունը երկրորդական հարց չէ. այն երկրի ազգային ենթակառուցվածքն է։ Մեր երեխաներին դասավանդող մարդիկ ձևավորում են Հայաստանի ապագան։ Սա առաջնորդության միջոցով զարգացումն է՝ երկու տարվա կարգապահ, լիաժամ աշխատանք այնտեղ, որտեղ դրա կարիքն իրական է։ Դուք միայնակ չեք գործելու։ Ծրագիրը լրջագույն ներդրում է կատարում Ձեր զարգացման մեջ, քանի որ Հայաստանին անհրաժեշտ են առաջնորդներ, որոնք համատեղում են նվիրվածությունն ու կարողությունը։

Ինչո՞ւ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»

«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն առաջնորդների մի սերնդի հնարավորություն է տալիս աշխատելու այնտեղ, որտեղ կարիքն իրական է, և պատրաստում է նրանց շարունակելու առաջնորդել նաև հետագայում։ Երկու տարվա ընթացքում Դուք ստանում եք՝

  • Վարձատրվող, լիաժամ ուսուցչի աշխատանք գործընկեր հանրակրթական դպրոցում

  • Ինտենսիվ նախնական վերապատրաստում՝ մինչև դասարան մտնելը

  • Առաջնորդության և դասավանդման համակարգված զարգացում երկու տարվա ընթացքում

  • Անհատական քոուչինգ և մենթորություն՝ դասարանում և դասարանից դուրս

  • Ուսուցչական որակավորում ստանալու ուղի և ֆինանսավորվող մագիստրոսական ծրագրին դիմելու հնարավորություն

  • Teach For All-ի հետ գործընկերության շնորհիվ հասանելի՝ գործընկերների, մենթորների և շրջանավարտների ազգային ու համաշխարհային ցանց

  • Կարիերայի աջակցություն և ծրագրի ավարտից հետո շարունակելու հստակ ուղիներ

Ուր կարող է ձեզ տանել այս փորձառությունը

Դասարանում անցկացրած երկու տարին պատրաստում է Ձեզ առաջնորդելու տարբեր ոլորտներում։ Ձեր ձեռք բերած հմտությունները, որակավորումները և կապերը հիմք են ստեղծում երեք հիմնական ուղիների համար՝

  1. Դպրոցական և կրթական առաջնորդություն

    Դառնալու առաջադեմ ուսուցիչ, դպրոցի ղեկավար, դասավանդման քոուչ կամ ուսուցիչներ վերապատրաստող՝ ներսից ամրապնդելով դասավանդումը, ուսումնառությունն ու դպրոցական մշակույթը։

  2. Հանրային քաղաքականությունն և կառավարում

    Դասարանում և համայնքում ձեռք բերած փորձը կիրառելու պետական կառավարման, հանրային կառույցների, հետազոտության և համակարգային բարեփոխումների ոլորտներում։

  3. Կորպորատիվ առաջնորդություն և սոցիալական ձեռներեցություն

    Դասարանում պահանջվող առաջնորդության, հարմարվելու և խնդիրներ լուծելու հմտությունները կիրառելու բիզնեսում, տեխնոլոգիաներում, ստարտափներում և միջազգային կառույցներում։

Որ ուղին էլ ընտրեք, կմիանաք «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի շուրջ 500 շրջանավարտներին և ավելի քան 60 երկիր ընդգրկող համաշխարհային համայնքին։

Ունե՞ք հարցեր։ Խոսե՛ք մեր հավաքագրման թիմի հետ։

Պայմանավորվել զանգի համար

Ինչ հանձնառություն եք ստանձնում

Որպես Ուսուցիչ-առաջնորդ՝ դուք հանձն եք առնում՝

  • 1+1 ուսումնական տարի լիաժամ դասավանդել գործընկեր հանրակրթական դպրոցում, որտեղ կրթական հնարավորություններն առավել սահմանափակ են
  • Տեղակայվել Ձեր նշանակման համայնքում և ներգրավվել դրա կյանքում
  • Երկու տարվա յուրաքանչյուր օր պահպանել այն բարձր պահանջները, որոնց արժանի են Ձեր աշակերտները
  • Առաջնորդել նաև դասարանից դուրս՝ Ձեր դպրոցի, ընտանիքների և ավելի լայն համայնքի շրջանակներում

Տևական ազդեցություն

20,000+
աշակերտ՝ տարեկան
10
մարզ՝ Հայաստանի ողջ տարածքում
70%
կրթության կամ հանրային ծառայության ոլորտում մնացող շրջանավարտների մասնաբաժին

Ավելի դժվար չափելի արդյունքներն առավել կարևոր են. համայնքները վերստին ներգրավվում են իրենց դպրոցների կյանքում։ Երեխաները համարձակվում են պատկերացնել իրենց իսկ ընտրած ապագան։ Մեծանում է ծառայության փորձ ունեցող և հետագայում առաջնորդելու պատրաստ հայերի շրջանակը։

Եթե հավատում եք, որ Հայաստանի ապագան կառուցվում է, այլ ոչ թե խոստացվում, և որ առաջնորդությունը սկսվում է պատասխանատվությունից, ներդրե՛ք ձեր գիտելիքը, ժամանակն ու եռանդն այնտեղ, որտեղ դրանք ամենից շատ են անհրաժեշտ։

Դիմել հիմա