«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ»
ԱՇԽԱՏԱՆՔԸ ԱՐՑԱԽՈՒՄ
(2017–2023)
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն սկսեց իր աշխատանքը Արցախում (նաև հայտնի որպես Լեռնային Ղարաբաղ) 2017 թվականին՝ ներդրումներ կատարելով կրթության ոլորտում, զարգացնելով ուսուցիչների և աշակերտների կարողությունները, ձևավորելով խորքային կապեր համայնքների հետ և ընդլայնելով որակյալ կրթության հասանելիությունը գյուղական վայրերում
2017-ից մինչև 2023 թվականը մեր Ուսուցիչ-առաջնորդները ծառայել են Արցախի տարբեր համայնքներում՝ սերտորեն համագործակցելով ընտանիքների և դպրոցի ղեկավարների հետ՝ ուժեղացնելու կրթական հնարավորությունները։ Այս աշխատանքը դարձավ մեր տարածաշրջանային երկարաժամկետ հանձնառության հիմքը։
Կարդացեք ավելին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշխատանքների մասին Արցախում՝ 5-ամյա ազդեցության զեկույցում.
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
(2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՁԱԳԱՆՔ)
2020 թվականի Արցախյան պատերազմին ի պատասխան՝ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն գործարկեց հրատապ «Կրթություն արտակարգ իրավիճակներում» ծրագիրը՝ աջակցելու Արցախից և Հայաստանից տեղահանված աշակերտներին։ Կազմակերպությունն ապահովեց 500 խնամքի փաթեթների բաշխում, ինչպես նաև՝ համագործակցելով Ամերիկայի Հայ Միսիոնական Ընկերակցության հետ, տրամադրեց պլանշետներ և ինտերնետ հասանելիություն 250 աշակերտի, ովքեր չունեին կապի միջոցներ՝ հնարավորություն ընձեռելով շարունակել կրթությունը հեռավար ձևաչափով։
Տեղական կազմակերպությունների և հոգեբանական աջակցություն ցուցաբերող մասնագետների հետ համագործակցելով՝ մենք ներդրեցինք հոգեբանական տրավմաների վրա հիմնված ուսուցման մեթոդներ, սոցիալ-էմոցիոնալ ուսուցում և արվեստով թերապիա՝ ներառյալ ավազային նկարչության դասեր՝ օգնելու երեխաներին հաղթահարել սթրեսը և վերագտնել համայնքային պատկանելիության զգացողությունը։
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
(ԴԵԿՏԵՄԲԵՐ 2022 – ՍԵՊՏԵՄԲԵՐ 2023)
2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կառավարությունը մի շարք հարձակումներ իրականացրեց Հայաստանի Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի վրա, այդ թվում նաև այն տարածքներում, որտեղ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն տեղակայել էր իր Ուսուցիչ-առաջնորդներին։
2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը Ադրբեջանը ամբողջական շրջափակում սահմանեց Արցախի վրա՝ խիստ խաթարելով մուտքն ու հասանելիությունը սննդին, առողջապահությանը և կրթությանը։ Արդյունքում՝ տուժեց ավելի քան 30,000 երեխա՝ խախտելով նրանց իրավունքները միջազգային իրավունքով հաստատված նորմերի համաձայն։ Գորիս–Ստեփանակերտ միջանցքի փակումը կաթվածահար արեց տեղաշարժը՝ անհնար դարձնելով տեղական և միջազգային կազմակերպությունների գործունեությունը։ Շատ մանկավարժներ չկարողացան վերադառնալ իրենց աշխատատեղեր, իսկ մեր թիմի անդամները, շրջանավարտները և ուսուցիչները հայտնվեցին պաշարման պայմաններում՝ կանգնելով լուրջ սննդային անբավարարության և առողջական ծանր հետևանքների առաջ։
2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Արցախի էթնիկ հայ բնակչության զանգվածային տեղահանության ժամանակ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի սովորողները, համայնքները, շահառուները, թիմի անդամները, ուսուցիչներն ու շրջանավարտները կրեցին ծանր հետևանքներ։ Ցավոք, մեր որոշ ուսանողներ զոհվեցին՝ խաղաղ բնակավայրերի չտարբերակված հրետակոծության և ռմբակոծության հետևանքով։ Այս կորուստները միայն անհատական ողբերգություններ չեն. դրանք հարված են յուրաքանչյուր երեխայի՝ սովորելու, զարգանալու և ապահով միջավայրում ապրելու հիմնարար իրավունքի դեմ։
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ
(2023 ԱՐՁԱԳԱՆՔ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔ)
2023 թվականին Արցախի հայ բնակչության հարկադիր տեղահանությանը ի պատասխան՝ «Դասավանդի՛ր հանուն Հայաստան»-ը մեկնարկեց համակարգված հրատապ նախաձեռնություն՝ օգնելու տեղահանված աշակերտներին և ընտանիքներին ինտեգրվել նոր համայնքներում և սկսել վերականգնման գործընթացը։
Հիմք ընդունելով 2020 թվականի պատերազմին մեր արձագանքման փորձը՝ հիմնադրեցինք 405 կրթական դաշինքը՝ կազմակերպությունների միավորումը, որը համապարփակ աջակցություն է տրամադրում տեղահանված աշակերտներին։
Հայաստանի Հանրապետության կառավարության հետ սերտ համագործակցությամբ աշխատում ենք հանրային դպրոցները վերածել համայնքային աջակցության կենտրոնների՝ համակարգելով կրթությունը, հոգեսոցիալական ծառայությունները, սնունդն ու այլ կենսական ծառայություններ՝ թույլ տալով երեխաներին և ընտանիքներին վերակառուցել իրենց կյանքը։