«ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԱՇԽԱՏԱՆՔԸ ԱՐՑԱԽՈՒՄ

(2017–2023)

 
artsakh001.jpg

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը սկսեց իր աշխատանքը Արցախում (նաեւ հայտնի որպես Լեռնային Ղարաբաղ) 2017 թվականին՝ ներդրումներ կատարելով կրթության ոլորտում, զարգացնելով ուսուցիչների և աշակերտների կարողությունները, ձևավորելով խորքային կապեր համայնքների հետ և ընդլայնելով որակյալ կրթության հասանելիությունը գյուղական  վայրերում

2017-ից մինչև 2020 թվականը մեր Ուսուցիչ-առաջնորդները ծառայել են Արցախի տարբեր համայնքներում՝ սերտորեն համագործակցելով ընտանիքների և դպրոցի ղեկավարների հետ՝ ուժեղացնելու կրթական հնարավորությունները։ Այս աշխատանքը դարձավ մեր տարածաշրջանային երկարաժամկետ հանձնառության հիմքը։

 

Կարդացեք ավելին «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աշխատանքների մասին Արցախում՝ 5-ամյա ազդեցության զեկույցում.

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
(2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՐՁԱԳԱՆՔ)

 
artsakh0005.jpg

2020 թվականի Արցախյան պատերազմին ի  պատասխան՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը գործարկեց հրատապ «Կրթություն արտակարգ իրավիճակներում» ծրագիրը՝ աջակցելու Արցախից և Հայաստանից տեղահանված աշակերտներին։ Կազմակերպությունն ապահովեց 500 խնամքի փաթեթների բաշխում, ինչպես նաև՝ համագործակցելով Ամերիկայի Հայ Միսիոնական Ընկերակցության հետ, տրամադրեց պլանշետներ և ինտերնետ հասանելիություն 250 աշակերտի, ովքեր չունեին կապի միջոցներ՝ հնարավորություն ընձեռելով շարունակել կրթությունը հեռավար ձևաչափով։

Տեղական կազմակերպությունների  և հոգեբանական աջակցություն ցուցաբերող մասնագետների հետ համագործակցելով՝ մենք ներդրեցինք հոգեբանական տրավմաների վրա հիմնված ուսուցման մեթոդներ, սոցիալ-էմոցիոնալ ուսուցում և արվեստով թերապիա՝ ներառյալ ավազային նկարչության դասեր՝ օգնելու երեխաներին հաղթահարել սթրեսը և վերագտնել համայնքային պատկանելիության զգացողությունը։

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ 
(ԴԵԿՏԵՄԲԵՐ  2022 – ՍԵՊՏԵՄԲԵՐ 2023)

 
artsakh-blockade001.jpg

2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կառավարությունը մի շարք հարձակումներ իրականացրեց Հայաստանի Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի  վրա, այդ թվում նաև այն տարածքներում, որտեղ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը տեղակայել էր իր Ուսուցիչ-առաջնորդներին։

2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը Ադրբեջանը ամբողջական շրջափակում սահմանեց Արցախի վրա՝ խիստ խաթարելով մուտքն ու հասանելիությունը սննդին, առողջապահությանը և կրթությանը։ Արդյունքում՝ տուժեց ավելի քան 30,000 երեխա՝ խախտելով նրանց իրավունքները միջազգային իրավունքով հաստատված նորմերի համաձայն։ Գորիս–Ստեփանակերտ միջանցքի փակումը կաթվածահար արեց տեղաշարժը՝ անհնար դարձնելով տեղական և միջազգային կազմակերպությունների գործունեությունը։ Շատ մանկավարժներ չկարողացան վերադառնալ իրենց աշխատատեղեր, իսկ մեր թիմի անդամները, շրջանավարտները և ուսուցիչները հայտնվեցին պաշարման պայմաններում՝ կանգնելով լուրջ սննդային անբավարարության և առողջական ծանր հետևանքների առաջ։

2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած Արցախի էթնիկ հայ բնակչության զանգվածային տեղահանության ժամանակ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի սովորողները, համայնքները, շահառուները, թիմի անդամները, ուսուցիչներն ու շրջանավարտները կրեցին ծանր հետևանքներ։ Ցավոք, մեր որոշ ուսանողներ զոհվեցին՝ խաղաղ բնակավայրերի չտարբերակված հրետակոծության և ռմբակոծության հետևանքով։ Այս կորուստները միայն անհատական ողբերգություններ չեն. դրանք հարված են յուրաքանչյուր երեխայի՝ սովորելու, զարգանալու և ապահով միջավայրում ապրելու հիմնարար իրավունքի դեմ։

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ
(2023 ԱՐՁԱԳԱՆՔ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔ)

 
emergency01.jpg

2023 թվականին Արցախի հայ բնակչության հարկադիր տեղահանությանը ի պատասխան՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը մեկնարկեց համակարգված հրատապ նախաձեռնություն՝ օգնելու տեղահանված աշակերտներին և ընտանիքներին ինտեգրվել նոր համայնքներում և սկսել վերականգնման գործընթացը։

Հիմք ընդունելով 2020 թվականի պատերազմին մեր արձագանքման փորձը՝ հիմնադրեցինք 405 կրթական դաշինքը՝ կազմակերպությունների միավորումը, որը համապարփակ աջակցություն է տրամադրում տեղահանված աշակերտներին։

Հայաստանի Հանրապետության կառավարության հետ սերտ համագործակցությամբ աշխատում ենք հանրային դպրոցները վերածել համայնքային աջակցության կենտրոնների՝ համակարգելով կրթությունը, հոգեսոցիալական ծառայությունները, սնունդն ու այլ կենսական ծառայություններ՝ թույլ տալով երեխաներին և ընտանիքներին վերակառուցել իրենց կյանքը։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ

artsakh002.jpg

Համաշխարհային Բանկը Հայաստանում

2023 թվականից «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը հանդիսանում է կարևոր գործընկեր Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող 2.9 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ դրամաշնորհային ծրագրում, որի նպատակն է հոգեսոցիալական աջակցություն տրամադրել Արցախից տեղահանված աշակերտներին՝ ավելի քան 200 դպրոցներում։

Այս նախաձեռնությունը համատեղ ղեկավարվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և մի շարք առանցքային հաստատությունների հետ՝ նպատակ ունենալով կարողությունների զարգացման միջոցով վերապատրաստել դպրոցական անձնակազմին, որպեսզի հոգեկան առողջության ծառայությունները դառնան դասարանային միջավայրի անբաժանելի մաս։ Այս կերպ ծրագրի նպատակը աշակերտների էմոցիոնալ տոկունության և հասարակությունում ինտեգրվելու կարողության ամրապնդումն է։

Բացի այդ, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը համագործակցում է Համաշխարհային բանկի լայնածավալ կրթական բարեփոխումների ծրագրերի հետ՝ ուղղված դպրոցների ենթակառուցվածքի և STEM առարկայական ծրագրերի արդիականացմանը Հայաստանում։

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

2023 թվականին Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 մարդու, այդ թվում մոտ 30,000 երեխայի տեղահանումից հետո «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը համագործակցեց ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան գրասենյակի հետ՝ տեղահանված երեխաներին անհետաձգելի կրթական և հոգեսոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով։ Կիրառելով արտակարգ իրավիճակներին արձագանքելու փորձը՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը նպաստեց դպրոցներում հոգետրավմայի հիման վրա մշակված մոտեցումների ներդրմանը՝ ընդգրկելով հոգեկան առողջության աջակցություն, սոցիալ-էմոցիոնալ ուսուցում, ինչպես նաև թերապևտիկ արվեստ ու խաղեր։ Այս նախաձեռնությունն ամբողջացնում էր ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի ավելի լայնածավալ աջակցությունը, որի շրջանակում տրամադրվել էին անհրաժեշտ դպրոցական փաթեթներ, ուսումնական նյութեր և ուսուցիչների վերապատրաստումներ՝ տրավմայի զգայուն մեթոդներով աշխատելու համար։

Ձեռնարկված բոլոր քայլերն ուղղված էին տեղահանված աշակերտների՝  նոր համայնքներում հնարավորինս հարմար ու անվտանգ միջավայր ունենալուն, ինչպես ակադեմիական, այնպես էլ հոգեբանական ինտեգրման համար։

 

«Դասավանդի’ր, Հայաստան»-ը Արցախում գործել է 2017-2023 թվականներին։