ԻՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈԻ ԱՐՑԱԽԸ | MY STORY AND ARTSAKH

ԱՐԵՎՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԵՐԹԸ ՔՈՆՆ Է

Շալուա, Քաշաթաղի շրջան, Արցախ

ՈՒԱԶ-ը, որը  տեղափոխում է ինձ ու  ամուսնուս  Շալուա, արդեն յոթ սար, յոր ձոր  անցել է, բայց էդպես էլ  տեղ չենք  հասնում։ Ճանապարհին  վարորդն ու իր կինը  խոսում են․

-Գայլերն էս գիշեր  էլի  գյուղ են իջել, -ու տեսնելով իմ  դեմքի արտահայտությունը, ոգևորված ավելացրեց,-  Մի հորթ են խփել ։ (Հետո հասկացա, որ կերել են։) Գիտե՞ք, որ գայլերի աչքերը  գիշերը  փայլում  են։

Ես արդեն  կորցրել  էի  սարերի ու ձորերի  թիվը ու  մտածում էի, թե  էս ուր են ինձ  գործուղել։

-Էս էլ ձեր  Շալուան։

Տնօրենս որդու ու ամուսնու  հետ  դիմավորեց մեզ  և   ցույց տվեց այն տունը, որտեղ պիտի երկու տարի ապրեինք ։ Վարորդի կինը, աչքն ինձանից  չկտրելով , փորձում էր  կռահել իմ հիասթափության  աստիճանը։

-Երկու մահճակալ և մեկ  դարակ, հրաշալի է, էլ ի՞նչ է պետք,- հատուկ  շեշտեցի ես։

-Երկար  ճանապարհ եք եկել, հաց եմ պատրաստել, գնանք,- առաջարկեց տնօրենս։

Տուն վերադառնալիս  տնօրենիս  որդին ուղեկցում էր  մեզ։ Մեկ էլ  մթի  մեջ  վեց  զույգ պսպղուն  աչք․

-Գայլերը՜,- ու  էդ պահին մատծում եմ՝լավ,  հենց առաջին օրը  գայլի  բաժին պիտի դառնամ։։

-Կովերն են, մի՛  վախեցեք։Կենդանիների  աչքերրը  գիշերը  փայլում են։

Սա Շալուան է և սա իմ առաջին դասն էր։

Ես ու աշակերտներս  շատ արագ ընկերացանք։ Ապրեսյան Հայկ  Պավելինը մի  շաբաթ ուշ  միացավ մեզ։

-Հայկը  շատ  լուրջ  տղա ա, իրա հետ  դժվար կլինի,- ասում էին  բոլորը։

Հայկը  եկավ ու  հոնքերը  կիտած, ձեռքերը  խաչած, դանդաղ քայլերով  մտավ դասարան։

-Ողջո՜ւյն Հայկ, ես ընկեր Առաքելյանն եմ։

-Հա՛,- շատ ցածր պատասխանեց  Հայկն ու վերից վար  նայելով ինձ, նստեց։

<<Վա՜յ, մամա ջան, ո՞նց եմ հետը լեզու գտնելու>>։

Մի շաբաթ   թաքուն իրար էինք  ուսումնասիրում , մինչև  էն պահը, երբ Հայկը  բռնացրեց ինձ , ու ես չկարողացա հայացքս  փախցնել։  Ժպտացի։ Հայկն էլ   ժպտաց։ Ժպտաց  ամենասիրուն ժպիտով։ Հայկը  սիրում է օդապարիկներ ու նավեր նկարել, ճամփորդել ու երազել։

-Ընկե՛ր Առաքելյան, երկնքում լիքը աստղեր  կան, էկե՛ք  երազանք  պահենք։

-Ընկե՛ր Առաքելյան, էկե՛ք մի հատ  օդապարիկ սարքենք, նստենք ու  բարձրանանք  ամպերի  մոտ։

Սա Շալուան է։ Իմ  մյուս  աշակերտը  Հովհաննիսյան Մհեր Արմանինն է։

-Սա  աջն է, սա ձախը, Մհե՛ր,- սովորում ենք  տարբերել աջն ու ձախը։

Մհերն առաջին նկատեց, որ  ամուսնուս իր թույլ  տեսողության պատճառով   միշտ  ուղղություն եմ  ցույց տալիս ՝  աջ, ձախ, թեքվի, հասանք։

-Դուք  գնացեք, ես ընկեր Էդգարին կբերեմ։ Ա՛ջ, ձա՛խ, ընկեր Էդգար, ապրե՛ք,- ու ընկեր Էդգարին ուղիղ  թրիքի  մեջ,- Է՜, ասի աջ։ Էսիկ աջը չի՞։

Ու Մհերը  սովորեց  աջն ու ձախը, որ  ինքն  ուղեկցի  ընկեր Էդգարին։ Դպրոցում Ռազմիկ անունով ԿԱՊԿՈՒ մի  տղա ունենք, որի  հետ  բոլորը  միշտ  կռվում են։

-Գնա՛մ Ռազմիկի  ձենը  հանեմ , գամ։

Սա Շալուան է։

-Ռազմի՛կ, կոշիկիդ շնորուկները  արձակվել են, կապի՛, թե չէ կընգնես։

-Չեմ կարում, Մհե՛ր։

-Արի՛  ստեղ,- ասում է Մհերն ու  կռանում, որ կապի  Ռազմիկի  կոշիկների  շնորուկները։

Սա Շալուան է , մատյանում հաջորդը Բադալայն Նելլի  Կարենինն է։

-Նելլի  ջան, մի հատ Լիանային  << Ճշմարիտ և ոչ  ճշմարիտ  դատողություններ>>-ը  բացատրի, ես տղաներին  էս նյութը նորից  բացատրեմ։

- Հարց չկա,- ասում է Նելլին ու ցույց տալով գիրքը՝ շարունակում,- Լիանա՛, եթե քեզ ասեմ, որ էս գիրքը  պատուհան է, սա ճշմարի՞տ, թե՞ ոչ  ճշմարիտ  պնդում է։

-Ճշմարիտ  պնդում է,-  հանգիստ  պատասխանում է Լիանան։

-Լիանա՛,-համբերատար  շարունակում է Նելլին,- սա գիրք է , ոչ թե պատուհան, ուրեմն՝ իմ պնդումը  սխալ է կամ  ոչ  ճշմարիտ։

Այ հիմա հանգիստ եմ, փոխարինող ունեմ։

Սա Շալուան է։ Մատյանում վեջին  համարի դիմաց գրված է Խաչատրյան Լիանա Սևակի։ Լիանայի համար  հատուկ  կանոն ունենք՝ << Հարգե՛լ մաթեմատիկան >>։ 

-Ընկե՛ր Առաքելյան, էսօր  կգա՞ք մեր  տուն։

-Մինչև  մաթեմատիկան չհարգես, չեմ գալու։

Միայն  Աստված ու Լիանայի մայրը  գիտեն, թե ինչ  ճանապարհ անցանք, մինչև Լիանան սկսեց հարգել մաթեմատիկան։  

Սա Շալուան է, որտեղ  ապրում են արևները , և ես նրանց ուսուցիչն եմ։

Շուտով  կավարտվի իմ առաքելությունը և հիմա հերթը  քոնն է։ Նրանք՝  Հայկը, Մհերը, Նելլին ու  Լիանան  սպասում են քեզ։

Previous
Previous

ԻՆՉՈԻ՞ ԴԻՄԵԼ «ԴԱՍԱՎԱՆԴԻ'Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ԾՐԱԳՐԻՆ | WHY TO APPLY FOR '‘TEACH FOR ARMENIA” PROGRAM

Next
Next

TEACH FOR ARMENIA AND STARTUP ARMENIA FOUNDATION PARTNERSHIP